Մեր կլինիկան տարածաշրջանում միակն է, որտեղ կատարվում են ինվազիվ միջամտություններ․ Տաթեւիկ Հայրապետյան

Գորիսի Հայ֊Ֆրանսիական սրտանոթային կենտրոնը հիմնադրվել է 2012 թվականին Ավետիս Մատիկյանի ջանքերով։ Այս բժշկական կենտրոնի շնորհիվ Հայաստանի հարավում փրկվել են հարյուրավոր մարդկանց կյանքեր։
Մեր հարցազրույցի հյուրն է կենտրոնի բժշկուհի սրտաբան Տաթեւիկ Հայրապետյանը։
– Ողջույն Տաթեւիկ, ի՞նչ դերակատարում ունի Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տարածաշրջանի համար։
– Բարև Ձեզ, Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը տարածաշրջանում միակ կլինիկան է, որտեղ կատարվում են ինվազիվ միջամտություններ։
Կենտրոնը ունի մեծ կարևորություն, քանի որ սպասարկում է Սյունիքի մարզի և Արցախի բնակչությանը։
– Հիմնականում ո՞ր խնդիրն է առավել տարածված մեր բնակչության մեջ։
-Ցավոք, սիրտանոթային հիվանդությունները լայն տարածված են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և ունեն երիտասարդացման միտում։ Հայաստանում և մյուս զարգացող երկրներում կա շատ մեծ խնդիր կապված նրա հետ, որ հիվանդները դիմում են բժշկի բավականին ուշացումով, որն ավելի է մեծացնում հետագա բարդությունների առաջացման ռիսկը։
– Իսկ ի՞նչ պետք է անեն մարդիկ՝ խուսափելու համար սրտանոթային խնդիրներից։
-Սիրտանոթային խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է հրաժարվել վատ սովորույթներից, որոնք բարձրացնում են հիվանդությունների առաջացման ռիսկերը։
Դրանք են՝ ծխելը, ճարպակալումը, հիպոդինամիան։
– Մարդիկ հաճախ նշում են, որ տոնական օրերին հաճախակիանում են սրտանոթային խնդիրներով պայմանավորված շտապ օգնության կանչերը։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞վ է պայմանավորված։
– Տոնական օրերին մարդիկ սնվում են անկանոն և հաճախ չարաշահում են վնասակար սննդամթերքների ընդունումը, ինչպես նաև ալկոհոլի ընդունման հաճախականությունը և չափաբաժիններն են մեծանում, որոնք ընդհանուր առմամբ բարձրացնում են սրտանոթային պատահարների ռիսկը։ Եվ իհարկե չպետք է մոռանալ սթրեսի մասին, որոնցից խուսափել տոներին չի լինում։
– Առաջիկայում 2021թ․-ն է, ի՞նչ ակնկալիքներ ունեք եկող տարվանից։
Այժմ ծանր ժամանակաշրջան է բոլորիս համար, և կարծում եմ համախմբումը կօգնի հաղթահարելու այս ամենը և 2021-ին կառուցելու նոր հաղթանակող պետություն, որում պետք է յուրաքանչյուրս ունենանք մեր ներդրումը։